SARS-CoV-2 (COVID-19) համավարակը մի շարք հարցեր առաջացրեց, հատկապես՝ պատվաստման վերաբերյալ: Մենք կաշխատենք պատասխանել Եվրոպայում ներկայումս հաստատված պատվաստանյութերի վերաբերյալ առավել հաճախ տրվող հարցերին: Սա բժշկական խորհրդատվություն չէ, և, քանի որ յուրաքանչյուր առանձին դեպք մյուսից տարբերվում է, խորհուրդ ենք տալիս դիմել ձեր կլինիկական բուժաշխատողին/արյունաբանին, եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ: Եվ քանի որ COVID-19-ի և պատվաստումների շուրջ իրավիճակն արագ զարգանում է, ԵՄԲ-ն (Եվրոպայի՝ միելոմայով հիվանդ բուժառուներ) կփորձի թարմացնել այս փաստաթուղթը, երբ նոր տեղեկություններ հայտնվեն:
Այս հարցերն ու պատասխանները տեղեկություններ կտրամադրեն հետևյալ խնդիրների վերաբերյալ՝
- 2021թ․-ի մարտ ամսվա դրությամբ Եվրոպայում հաստատված պատվաստանյութերը:
- Ինչպես են գործում հաստատված պատվաստանյութերը և ինչպես են դրանք կիրառվում:
- Հաստատված պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները և արդյունավետությունը։
COVID-19-ի դեմ ո՞ր պատվաստանյութերն են հաստատվել Դեղորայքի հարցերով Եվրոպական գործակալության կողմից (ԴՀԵԳ):
Այժմ կա չորս պատվաստանյութ, որ հաստատվել է Դեղորայքի հարցերով Եվրոպական գործակալության կողմից COVID-19-ի կանխարգելման համար (տե՛ս Աղյուսակ 1-ը՝ յուրաքանչյուր պատվաստանյութի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար).
- COVID-19-ի դեմ BioNTech/Pfizer պատվաստանյութ 16 և ավելի բարձր տարիքի բուժառուների համար
- COVID-19-ի դեմ AstraZeneca/Oxford պատվաստանյութ 18 և ավելի բարձր տարիք ունեցող բուժառուների համար (որոշ երկրներում՝ 18-55 կամ 18-65)
- COVID-19-ի դեմ Moderna պատվաստանյութ 18 և ավելի բարձր տարիք ունեցող բուժառուների համար
- COVID-19-ի դեմ Janssen պատվաստանյութ 18 և ավելի բարձր տարիք ունեցող բուժառուների համար
Ի՞նչ տեսակի հաստատման գործընթացներով են անցել այս պատվաստանյութերը:
Հանրային առողջության ներկայիս արտակարգ իրավիճակի հետ կապված՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անցել են արագ մշակման գործընթաց, սակայն ենթարկվել են ԴՀԵԳ-ի կողմից կիրառվող գնահատման խստագույն մեթոդներին: Այս պատվաստանյութերը գնահատվել են միևնույն բարձր ստանդարտներով, ինչպես ցանկացած այլ դեղ:
Շատ կարևոր է հասկանալ, որ չնայած COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հաստատումը արագացված ձևով է կատարվել, ԴՀԵԳ-ի կողմից հաստատված COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ազդեցության մեխանիզմների նման մեխանիզմ ունեցող պատվաստանյութերը մշակման փուլում են եղել տարիներ շարունակ: COVID-19-ի դեմ ներկայիս պատվաստանյութերը մշակվել են առկա հետազոտությունների հիման վրա:
Ինչպե՞ս են գործում COVID-19-ի դեմ պատվաստանյութերը:
Պատվաստանյութերը ստիպում են մեր իմունային համակարգին ճանաչել և պաշտպանել մեզ COVID-19-ից, եթե/երբ մենք վարակվում ենք վիրուսով:
BioNTech/Pfizer և Moderna պատվաստանյութերը ի-ՌՆԹ պատվաստանյութեր են: Այս պատվաստանյութերն օգտագործում են գենետիկ նյութ, որը կոչվում է ի-ՌՆԹ, որը ներարկումից հետո մտնում է ձեր բջիջների մեջ (նշում՝ այս գենետիկ նյութը չի ներթափանցում ձեր բջիջների ամենախորը մասը, որ կոչվում է միջուկ, և ոչ էլ ձեր ԴՆԹ): Բջիջներն այնուհետև ի-ՌՆԹ-ն վերածում են սպիտակուցների, որոնք նման են COVID-19 վիրուսի մակերևույթին գտնվող սպիտակուցներին: Այս սպիտակուցներն այնուհետև մուտք են գործում արյան համակարգ, որտեղ օրգանիզմը նրանց ընդունում է որպես կողմնակի մարմին և առաջացնում է իմունային պատասխան: Հետևաբար, եթե դուք վարակվեք COVID-19-ով պատվաստումն ընդունելուց հետո, ձեր օրգանիզմը կճանաչի վիրուսը և կկարողանա արագ արձագանքել՝ վարակի դեմ պայքարելու համար:
AstraZeneca/Oxford և Janssen պատվաստանյութերն այլ կերպ են ազդում և կիրառում են, այսպես կոչված, վիրուսային վեկտորներ: Այս պատվաստանյութերը պատրաստվում են ոչ ակտիվ ադենովիրուսի կիրառմամբ, որը ծառայում է որպես խեցի՝ ԴՆԹ գենետիկ նյութը ձեր բջիջներին հասցնելու համար (նշում՝ այս գենետիկ նյութը չի ներթափանցում ձեր բջիջների ամենախորը մասը, որ կոչվում է միջուկ, և ոչ էլ ձեր ԴՆԹ): Այս ԴՆԹ-ն այնուհետև վերածվում է ի-ՌՆԹ-ի, իսկ հետո՝ սպիտակուցների, որոնք նման են COVID-19 վիրուսի մակերևույթին գտնվող սպիտակուցներին: Այս սպիտակուցներն այնուհետև մուտք են գործում արյան համակարգ, որտեղ օրգանիզմը նրանց ընդունում է որպես կողմնակի մարմին և առաջացնում է իմունային պատասխան: Հետևաբար, եթե դուք վարակվեք COVID-19-ով պատվաստումն ընդունելուց հետո, ձեր օրգանիզմը կճանաչի վիրուսը և կկարողանա արագ արձագանքել՝ վարակի դեմ պայքարելու համար:
Այս պատվաստանյութերից և ոչ մեկը չի պարունակում կենդանի վիրուսներ, և պատվաստանյութից COVID-19-ով (կամ ադենովիրուսով) վարակվելու վտանգ չկա:
Ինչպե՞ս են ներարկվում COVID-19-ի դեմ պատվաստանյութերը:
BioNTech/Pfizer, Moderna և AstraZeneca/Oxford պատվաստանյութերը պետք է ընդունել երկու դեղաչափով` որոշակի ընդմիջումներով (մանրամասների համար տե՛ս Աղյուսակ 1-ը):
Janssen պատվաստանյութը պետք է ընդունել մեկ դեղաչափով (մանրամասների համար տե՛ս Աղյուսակ 1-ը):
Բոլոր ներարկումները սովորաբար արվում են վերին բազուկի մկաններին:
Որքա՞ն արդյունավետ են այս պատվաստանյութերը:
Շատ կարևոր է հասկանալ, որ չնայած յուրաքանչյուր պատվաստանյութ տարբեր արդյունավետություն ունի, նրանք բոլորն էլ պաշտպանում են հոսպիտալացումից և/կամ COVID-19-ից մահացությունից: Բացի այդ, հաշվի առնելով ժամանակը, բնակչությունը և վայրը, որտեղ ուսումնասիրվել է յուրաքանչյուր պատվաստանյութ, անհնար է համեմատել դրանց արդյունավետությունը և որոշել, թե որ պատվաստանյութն է մյուսի նկատմամբ ավելի շատ կամ քիչ արդյունավետ:
Կարևոր է նաև հիշել, որ ավելի ցածր արդյունավետությամբ պատվաստանյութը, միևնույն է, կարող է հազարավոր կյանքեր փրկել և կանխել COVID-19-ի միլիոնավոր դեպքեր: Օրինակ՝ գրիպի դեմ պատվաստումը, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ), ունի 40–60% արդյունավետություն: Այնուամենայնիվ, 2018–2019թթ․ այն կանխարգելեց մոտ «4,4 միլիոն գրիպի հիվանդության, 2,3 միլիոն գրիպի հետ կապված բժշկական այցերի, 58.000 գրիպի հետ կապված հոսպիտալացման և 3.500 գրիպի հետ կապված մահվան դեպք1,2»:
COVID-19-ի դեմ պատվաստանյութերից յուրաքանչյուրը փորձարկվել է տարբեր էթնիկ խմբերի հազարավոր բուժառուների շրջանում, որոնցից ոմանք ունեին մի շարք հիվանդություններ, օրինակ՝ թոքերի և սրտի հիվանդություններ: Միելոմայով հիվանդ բուժառուները հատուկ ընդգրկված չէին այս կլինիկական փորձարկումներում, և ոչ էլ որևէ տվյալներ կան միելոմայով հիվանդների շրջանում այս դեղերի արդյունավետության մասին: Ենթադրվում է, որ այս պատվաստանյութերը կարող են պակաս արդյունավետ լինել միելոմայով հիվանդ/իմունային անբավարարություն ունեցող բուժառուների շրջանում, բայց դա դեռ պետք է ապացուցվի և չպետք է հիմք հանդիսանա իմունիզացիայից հրաժարվելու համար:
Հարկ է նշել, որ չնայած ԴՀԵԳ-ն հաստատել է AstraZeneca/Oxford պատվաստանյութը 18 և ավելի բարձր տարիք ունեցող բուժառուների համար, որոշ երկրներում այն սահմանափակում են 18-55 կամ 18-65 տարեկանների համար, քանի որ կա որոշակի մտավախություն, որ այս պատվաստանյութը կարող է ավելի պակաս արդյունավետ լինել տարեց բուժառուների շրջանում: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ:
Տե՛ս Աղյուսակ 1-ը յուրաքանչյուր պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ ամփոփ տվյալներ ստանալու համար:
Արդյո՞ք COVID-19–ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են վիրուսի տարբերակներից:
Ըստ ԴՀԵԳ-ի, գիտական համայնքը և կարգավորող օրգաններն ուշադիր հետևում են, թե ինչպես է SARS-CoV-2-ը (վիրուս, որն առաջացնում է COVID-19) ժամանակի ընթացքում փոխվում, և որքանով կարող են COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանել մարդկանց COVID-19-ից, որի հարուցիչները վիրուսի ցանկացած նոր տարբերակներն են:
ԴՀԵԳ-ն խնդրել է բոլոր COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մշակողներին ուսումնասիրել՝ արդյո՞ք իրենց պատվաստանյութերը կարող են պաշտպանել վիրուսի նոր տարբերակներից, որոնք հայտնաբերվել են, օրինակ՝ Միացյալ Թագավորությունում, Հարավային Աֆրիկայում և Բրազիլիայում, և ներկայացնել համապատասխան տվյալներ:
Կան որոշ նախնական տվյալներ այն մասին, թե ինչպես են այս պատվաստանյութերն ազդում վիրուսի տարբերակների վրա: Այս տեղեկատվության ամփոփ նկարագիրը կարելի է գտնել Աղյուսակ 2-ում:
Պատվաստանյութ ստանալուց որքա՞ն ժամանակ հետո է կարելի համարել, որ ես պաշտպանված եմ: Որքա՞ն է տևում այդ պաշտպանությունը:
Պատվաստանյութերով, որոնք պահանջում են երկու դեղաչափ, դուք չեք համարվի պաշտպանված, քանի դեռ չեք ստացել երկրորդ դեղաչափը: Հետևաբար, անհրաժեշտ է շարունակել սահմանափակել COVID-19-ով հիվանդանալու կամ վարակելու ձեր ռիսկը մինչև չստանաք երկրորդ ներարկումը:
Բացի այդ, COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալը չի ապահովում լիարժեք իմունիտետ, հետևաբար՝ անհրաժեշտ է դեռևս ֆիզիկապես հեռավորություն պահպանել, դիմակ կրել և ձեռքերը լվանալ: (Նաև շատ կարևոր է հիշել, որ չկան բավականաչափ տվյալներ՝ իմանալու համար, թե ինչպես են պատվաստանյութերը նվազեցնում COVID-19-ի փոխանցումը մեկ անձից մյուսին):
Յուրաքանչյուր պատվաստանյութի պաշտպանության ժամանակահատվածի տևողությունը դեռ հայտնի չէ, սակայն ուսումնասիրվում է:
Տե՛ս Աղյուսակ 1-ը յուրաքանչյուր պատվաստանյութի պաշտպանության ժամկետի առանձնահատկությունների համար:
Որո՞նք են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները:
COVID-19-ի դեմ պատվաստանյութը հետազոտող ուսումնասիրությունները կատարվել են շատ բուժառուների շրջանում և ցույց են տվել, որ լուրջ կողմնակի ազդեցությունների ռիսկը չնչին է բոլոր չորս պատվաստանյութերի համար: Ամենահաճախ կրկնվող կողմնակի ազդեցություններից էին՝ դողը, գլխացավը, ցավը (ցավ ամբողջ մարմնում կամ միայն ներարկման տեղում), ջերմություն, սրտխառնոց, հոգնածություն և/կամ կարմրություն և այտուցներ ներարկման տեղում: Կողմնակի ազդեցությունների մեծ մասը համարվում է թույլ կամ միջին ծանրության և անցնում է պատվաստումից հետո մեկ կամ երկու օրվա ընթացքում:
Շատ հազվադեպ, մարդկանց մոտ լինում են ուժեղ ալերգիկ ռեակցիաներ (անաֆիլաքսիա) պատվաստանյութը ստանալուց անմիջապես հետո: Հետևաբար, COVID-19-ի դեմ պատվաստումը պետք է կատարվի սերտ բժշկական հսկողության ներքո՝ հնարավոր ալերգիկ ռեակցիաները վերահսկելու համար: Յուրաքանչյուր ոք, ով անցյալում ունեցել է ծանր ալերգիկ ռեակցիաներ, կարող է ստանալ պատվաստումը, սակայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո՝ պատվաստանյութի ռիսկերն ու առավելությունները քննարկելու համար:
Վերջերս մի շարք եվրոպական առողջապահական մարմիններ ժամանակավորապես դադարեցրին AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը՝ զգուշության պատճառով, հաշվի առնելով արյան մակարդուկների և թրոմբոցիտների (բջիջներ, որոնք ձեր մարմինն օգտագործում է արյունահոսությունը դադարեցնելու համար) ցածր մակարդակի մի քանի դեպքեր: 2021թ․ մարտի 18-ի դրությամբ, այդուհանդերձ, Դեղորայքի հարցերով Եվրոպական գործակալությունը հայտնել է, որ «առավելությունները դեռևս գերազանցում են ռիսկերին՝ չնայած հազվադեպ հանդիպող արյան մակարդուկների և արյան մեջ թրոմբոցիտների ցածր մակարդակի հավանական կապին»։ Ուստի, որոշ երկրներ վերսկսել են պատվաստանյութով պատվաստումը։ Լրացուցիչ տեղեկությունների համար ԵՄԲ-ն (Եվրոպայի՝ միելոմայով հիվանդ բուժառուներ) խորհուրդ է տալիս քննարկել այս հարցը տեղական առողջապահական մարմինների և/կամ ձեզ բուժող բժշկի հետ՝ հատկապես, եթե դուք ընդունում եք միելոմայի որոշակի դեղամիջոցներ։
2021թ․ մարտի 18-ին տրված մամուլի ամբողջական հաղորդագրությունը կարող եք կարդալ այստեղ՝ https://www.ema.europa.eu/en/news/covid-19-vaccine-astrazeneca-benefits-still-outweigh-risks-despite-possible-link-rare-blood-clots
Ինչպե՞ս է COVID-19-ի դեմ պատվաստանյութն ազդում միելոմայի և AL-ամիլոիդոզի բուժման վրա:
Չկա որևէ ապացույց, որ պատվաստանյութը փոխազդեցություն կունենա միելոմայի և AL-ամիլոիդոզի բուժման համար կիրառվող դեղերի հետ: Այդուհանդերձ, ինտենսիվ բուժման ընթացքում կիրառվող որոշ դեղեր կարող են թուլացնել իմունային համակարգը։ Արդյունքում, ինտենսիվ թերապիա անցնող բուժառուները կարող են ոչ այնքան լավ արձագանքել COVID-19-ի դեմ պատվաստանյութին։ Չնայած սրան, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում ստանալ պատվաստանյութը։ Բուժառուները պետք է խորհրդակցեն իրենց բժշկի/արյունաբանի հետ՝ որոշելու համար իրենց ընտրանքները։
Հղումներ
- Հիվանդությունների և կանխարգելման կենտրոններ: Գրիպի գնահատված հիվանդություններ, բժշկական այցելություններ և պատվաստմամբ կանխարգելվող հոսպիտալացում՝ https://www.cdc.gov/flu/vaccines-work/burden-averted.htm?web=1&wdLOR=c6CCF2F0C-9782-4D34-8557-B938655B9EA4
- Հիվանդությունների և կանխարգելման կենտրոններ: Պատվաստանյութի արդյունավետությունը. Որքա՞ն լավ են ներգործում գրիպի դեմ պատվաստանյութերը՝ https://www.cdc.gov/flu/vaccines-work/vaccineeffect.htm?web=1&wdLOR=c1F64E497-5C1D-4203-A968-1F123E7B1D40
- Դեղորայքի հարցերով Եվրոպական գործակալություն (ԴՀԵԳ)։ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր․ հիմնական փաստեր՝ https://www.ema.europa.eu/en/human-regulatory/overview/public-health-threats/coronavirus-disease-covid-19/treatments-vaccines/vaccines-covid-19/covid-19-vaccines-key-facts
- Դեղորայքի հարցերով Եվրոպական գործակալություն (ԴՀԵԳ)։ Comirnaty պատվաստանյութ՝ https://www.ema.europa.eu/en/medicines/human/EPAR/comirnaty
- Հիվանդությունների և կանխարգելման կենտրոններ: Առաջարկությունների դասակարգման, գնահատման, մշակման և փորձագիտության համակարգ (GRADE): COVID-19-ի դեմ Moderna պատվաստանյութ՝ https://www.cdc.gov/vaccines/acip/recs/grade/covid-19-moderna-vaccine.html
- Դեղորայքի հարցերով Եվրոպական գործակալություն (ԴՀԵԳ)։ COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութ՝ https://www.ema.europa.eu/en/medicines/human/summaries-opinion/covid-19-vaccine-astrazeneca
- Հիվանդությունների և կանխարգելման կենտրոններ: Իմունականխարգելման պրակտիկայի խորհրդատվական հանձնաժողովի միջանկյալ առաջարկությունը COVID-19-ի դեմ Janssen պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ՝ https://www.cdc.gov/mmwr/volumes/70/wr/mm7009e4.htm
- BMJ բրիտանական բժշկական հանդես։ Covid-19․ Որտե՞ղ ենք մենք գտնվում պատվաստանյութերի և տարբերակների բազմազանության մեջ՝ https://www.bmj.com/content/bmj/372/bmj.n597.full.pdf
- BMJ բրիտանական բժշկական հանդես։ Covid-19․ Գնահատված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Pfizer BioNTech պատվաստանյութը 94%-ով նվազեցրել է դեպքերը Իսրայելում՝ https://www.bmj.com/content/372/bmj.n567
Հրաժարում պատասխանատվությունից․ Սա բժշկական խորհրդատվություն չէ։ Խնդրում ենք խոսել կլինիկական բուժաշխատողի հետ, եթե պատվաստման հետ կապված հարցեր կամ մտահոգություններ ունեք:
խմբագրելի ֆայլեր: